Քաղաքապետարանը չի չեղարկի տարածքների վարձակալությունը. Դրանք չնչին գումարով են վարձակալվել

Քաղաքապետարանը չի չեղարկի տարածքների վարձակալությունը. Դրանք  չնչին գումարով են վարձակալվել

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանին պատկանող հողի և տարածքների վարձակալները դրանք վարձակալել են տարիներ առաջ և չնչին գումարով, PanARMENIAN.Net ին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք քաղաքապետարանը չեղարկել կամ հետաձգել իրեն պատկանող տարածքների վարձը՝ արտակարգ դրության պատճառով:

«Քաղաքապետարանին պատկանող թե՛ հողի, թե՛ տարածքների վարձակալությունը, ըստ էության, չնչին գումարներ են: Չեմ կարծում, որ մեր վարձակալներն ինչ-որ խնդիրներ պետք է ունենան և, սովորաբար, այդ տարածքները վերավարձակալվել են այլ անձանց՝ բազմապատիկ ավելի շատ գներով»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի մոտ, համայնքին պատկանող գույքը կարող է տրված լինել վարձակալության 250-500 դրամով՝ մեկ քառակուսի մետրի համար:

Կարապետյանը նշում է՝ իրավիճակը պատկերացնելու համար կարելի է համեմատել արվարձաններում սովորական բնակտարածքի վարձերի հետ, և հասկանալ՝ որքանով են դրանք շուկայական:

Նրա խոսքով՝ այս պարագայում առավել նպատակահարմար կլինի հասկանալ՝ արդյոք տարածքը վարձակալողները վերավարձակալողներին ընդառաջում են, թե ոչ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Արտակարգ դրության պայմաններում մի շարք սահմանափակումներ են մտցվել նաև գործունեության տարբեր ոլորտներում՝ մասնավորապես փակ են սրճարանները, ռեստորանները, առևտրի կենտրոնները: Արտակարգ դրության տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը վարկային ատոնություններ է նախատեսել նաև փոքր ու միջին բիզնեսի համար՝ աշխատողներին աշխատավարձ վճարելու, հումք ձեռք բերելու, հարկային պարտավորությունները կատաելու, վարձավճարները փոխանցելու համար:

Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---