Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն կդատարկվի ու կծառայի կորոնավիրուսով վարակվածների համար

Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն կդատարկվի ու կծառայի կորոնավիրուսով վարակվածների համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչը, ապրիլի 2-ին ամբողջությամբ կդատարկվի ու կծառայի կորոնավիրուսով վարակվածների համար, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով վարակակիրների թվի ավելացումը:

Նախարարը նաև հայտնել է, որ Սբ Գրիգոր Լուսավորիչն ամենամեծ մահճակալային ֆոնդն ունի, ինչը թույլ կտա դեռ երկար ժամանակ այդտեղ հիվանդներ պահել. ներկայումս այդտեղ բուժվող ռեանիմացիոն պացիենտներն այլ հիվանդանոցներ կտեղափոխվեն։

Թորոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ 16 հաստատություն կա, որտեղ պահվում են կորոնավիրուսի դրական ախտորոշում, թեթև ախտանիշեր ունեցող պացիենտները, հաստատաված կոնտակտների հետ շփված քաղաքացիները։

Նախարարը հայտնել է, որ ՀՀ-ում բժշկական 9 կազմակերպություն զբաղվում է միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ։

Թորոսյանը նշել է, որ այդ հիվանդանոցներն են՝ Նորքի ինֆեկիոնը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սբ Աստվածածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաճյուղը, Արտաշատի ԲԿ-ն, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոնները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաճյուղը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ում ավելանում է թեստավորման մակարդակը և նկատել, որ բնակչության շրջանում հանգստություն կա վիրուսի տարածման հետ կապված։ Նա խնդրել է լուրջ վերաբերվել կորոնավիրուսի վարակին՝ չընկնելով նաև խուճապի մեջ։

«Ունենք հետևյալ պրոբլեմը: Կա 2 ծայրահեղություն. մեկը խուճապն է, որն անթույլատրելի է ու դրա կարիքն ընդհանրապես չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է համաճարակի տարածման հետ կապված: Սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապը, բայց, ոնց հասկանում եմ՝ չափից ավելի էր... Երկրում տիրում է համատարած հանգստություն... որը ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա: Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այս խնդրին», - նշել է նա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---