Հայկական կողմը դեմ է Սուրբ Նորաշեն եկեղեցու պատկանելության ուսումնասիրման նպատակով հանձնաժողովի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Հայկական կողմը դեմ է Սուրբ Նորաշեն եկեղեցու պատկանելության ուսումնասիրման համար հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ այն պատմականորեն հայկական է: Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: «Հայկական կողմը դեմ է եկեղեցիների, այդ թվում սուրբ Նորաշենի, պատկանելությունը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը, որոնց ծագումը վիճարկում են Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, քանի որ եթե նրանց համար այդ եկեղեցիները վիճարկելի են, ապա Հայ Առաքելական եկեղեցու համար դրանք պատմականորեն իր եկեղեցիներն են»,-ընդգծել է նա:



Նրա խոսքերով, այս փուլում խոսքը գնում է վեց եկեղեցիներ վերադարձնելու մասին: Դրանցից հինգը` Սուրբ Նորաշենը, Սուրբ Նշանը, Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (Կարմիր Ավետարան), Երեւանցոց Սուրբ Մինասը եւ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցիները գտնվում են Թբիլիսիում, եւ եւս մեկը` Սուրբ Նշանը գտնվում է Ախալցիխեում: «Ես պետք է հայտարարեմ, որ հայկական կողմի համար այդ եկեղեցիների պատկանելությունը կասկածից վեր է: Այդ եկեղեցիները, ներքուստ թե արտաքուստ, արձանագրություններով եւ ընդհանուր ճարտարապետական լուծումով հայկական են եւ դա չի կարող լինել քննարկման առարկա: Իսկ վրացական կողմի փաստարկները, թե հիմքերը վրացական են, տրամաբանությունից դուրս են: Եթե Վրաստանում կա նման հանճարեղ գիտնական, հնեաբան, որը կարող է ասել, թե որ եկեղեցուն են պատկանել նրա հիմքերը, նրան անկասկած այսօր Նոբելյան մրցանակ կտային»,-ասել է եպիսկոպոս Միրզախանյանը:



Նա նաեւ նշել է, որ Վրաստանի պատրիարքարանի այն հայտարարությունը, թե հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Թբիլիսիում, համաձայնություն ձեռք բերվեց Սուրբ Նորշեն եկեղեցու պատկանելության հաստատման համար հանձնաժողով ստեղծելու մասին, չի համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ թեմի առաջնորդը նկատել է, որ հայկական կողմի համար վիճարկելի կարող են լինել այն եկեղեցիները, որոնք վրացական կողմը 1990-ականներին դարձրեց վրացական: «Արդեն 20 եւ ավելի եկեղեցիներ են վերածվել վրացական եկեղեցիների Թբիլիսիում, Խաշուրի շրջանում, Կախեթի շրջանում եւ այլուր, որոնք մինչ խորհրդային իշխանությունների հաստատումը գործել են որպես հայկական եկեղեցիներ: Հայկական կողմը կարող է համաձայնվել հանձնաժողովի ստեղծմանը մեկ պայմանով, եթե այն կհետաքննի արդեն իսկ վրացկանացված հայկական եկեղեցիների հարցը»,-ասել է նա, հաղորդում է Bagin.info-ն:



Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում են 32 վերականգնված եւ նորացված հայկական եկեղեցիներ: Նրանց մեծ մասը գտնվում է Ջավախքի կամ Քվեմո Քարթլիի հայկական գյուղերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---