Ղազախստանը դեռեւս պատրաստ չէ հանուն Հայաստանի փչացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած լավ հարաբերությունները

PanARMENIAN.Net - «Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու Ղազախստանին բացի կոնյակից եւ քարի մշակման հաստոցներից: Բայց տրանսպորտային մեկուսացման պատճառով գործնականորեն անհնար է այնտեղ ինչ-որ առաքել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Ղազախստանում Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Մարատ Շիբուտովը: Ըստ նրա տվյալների, Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ արտաքին ապրանքաշրջանառությունը 2008 հունվար-հունիս ամիսներին կազմել է $5,7 մլն., մինչդեռ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ այդ շրջանառությունը կազմել է $199 մլն., իսկ Վրաստանի հետ` $47,8 մլն.: «Ղազախստանն, իհարկե, կարող է փորձել օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (օրինակ, նա չի մասնակցում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ճանապարհի նախագծին) եւ ճնշել Ադրբեջանին, բարեբախտաբար դրա համար միջոցներ նա ունի: Հիմնականում դրանք, իհարկե, ԲԹՋ-ն, Կասպիայի կարգավիճակի կարգավորումը եւ ձկնորսության համար քվոտաների հատկացումը (ի դեպ, ադրբեջանցի ձկնորսները մշտապես գողորսություն են անում Ղազախստանի ջրերում), աշխատավոր գաղթականները, ինչպես նաեւ հացահատիկի եւ վարձույթի մատակարարումը: Բայց ինչի՞ համար նա պետք է այդպես վարվի: Ի՞նչ շահեկան բան կարող է Հայաստանը առաջարկել Ղազախստանին: Միակ բանը, թերեւս, Հայկական ԱԷԿ-ի համար ուրանի գնումն է, բայց ուրանն այնպիսի ապրանք է, որ գնորդների առանձնահատուկ փնտրտուքի կարիք չունի: Ընդհանուր առմամբ, Հայաստանը Ղազախստանի համար դեռեւս հետաքրքրություն չի ներկայացնում»,- նշել է ղազախստանյան փորձագետը:



Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ եթե Ղազախստանը պարտքով գումարներ տար Ադրբեջանին, ապա կկարողանար հսկել դրանց օգտագործումը: Բայց դա այդպես չէ, ուստի ադրբեջանցիները միանգամայն կարող են ռազմական նպատակների համար օգտագործել ԲԹՋ եկամուտները: «Ընդհանուր առմամբ, իրադրությունն այսպիսին է. քանի դեռ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ղազախստանի հարաբերությունները լավն են, հանուն Հայաստանի նա պատրաստ չէ դրանք փչացնել: Միակ ռեսուրսը, որն անհրաժեշտ է Ղազախստանին Հայաստանում, Հայկական ԱԷԿ-ն է: Եթե Ադրբեջանը պայմանավորվում է «ԿազՄունայԳազ» Ազգային Ընկերության հետ, ապա ինչու՞ Հայաստանը չի կարող պայմանավորվել «Կազատոմպրոմ» Ազգային Ընկերության հետ: Մեծ ճանապարհը սկսվում է մի փոքր քայլից»,- ընդգծել է Շիբուտովը:



Ինչ վերաբերում է Nabucco-ի ապագային, ապա, Շիբուտովի խոսքերով, Թուրքմենիայի գազի պաշարները ոչ միայն անհայտ են, այլեւ անսպառ, իսկ Բեյնեուից «Ղազախստան-Չինաստան» խողովակաշարի շինարարությունն արդեն սկսվել է: «Այնպես որ Ադրբեջանին գուցե եւ չհաջողվի գազի արտահանման հաշվին առավելություն ձեռք բերել»,- ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---