Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ․ 12 տարի ջանացել ենք հզոր հայկական տելեկոմ բռենդ ունենալու

Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ․ 12 տարի ջանացել ենք հզոր հայկական տելեկոմ բռենդ ունենալու

PanARMENIAN.Net - Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ucom-ի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին, «Բիլայն Արմենիայի» հետ հնարավոր միացմանը, հայտարարել է, որ ընկերության բաժնետրերի ջանքերը մշտապես ուղղվել են հզոր հայկական տելեկոմ բռենդ ունենալուն։

Ընկերությունում ծավալված վերջին իրադարձությունների մասով նա նշել է, որ Ucom-ը կայացել է, նախևառաջ, ընկերության մոտ 1700 աշխատակցի քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ և ընդծել, որ տնօրենների խորհուրդը չէր ցանկանա, որ գոնե մեկ աշխատակից հեռանա ընկերությունից և պատրաստվում է անել հնարավորը, որպեսզի մարդիկ շարունակեն աշխատել։

«Պետք է անկեղծ լինեմ. իրոք շատ ցավում եմ այս իրադարձությունների համար։ Մեզ համար անընդունելի է այն, ինչ կատարվում է։ Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և ընկերության բաժնետերերի մեջ ծագած խնդիրները նորմալ չեմ համարում, որ լայն հանրության քննարկումների արժանանա։ Կա ֆիդուցիար պատասխանատվություն բիզնեսում, ինչը նշանակում է, որ ընկերության ղեկավարությունը, այդ թվում նաև ես որպես խորհրդի անդամ, պատասխանատու ենք գործել ընկերության և ոչ թե մեր անձնական շահերից։ Այդ պատասխանատվությունից ելնելով՝ տնօրենների խորհուրդը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար», - ասել է Գուրգեն Խաչատրյանը։

Անդրադառնալով Ucom-ի նախկին գլխավոր տնօրենին՝ Խաչատրյանը նշել է, որ վերջին 12 տարվա ընթացքում ընկերության բաժնետերերն ու մենեջմենթն ունեցել են գործընկերային և ընկերական հարաբերություններ: Նա ասել է, որ Հայկ Եսայանը մեծ դեր է խաղացել Ucom-ի զարգացման մեջ և հենց այդ փաստը հաշվի առնելով իրեն առաջարկել են մնալ ընկերության խորհրդի կազմում։ Նա նաև ընդգծել է, որ բիզնես կոռեկտությունից ելնելով՝ չի բացելու փակագծերը ներքին գործընթացների մասին։

«Միանգամից ուզում եմ հերքել այն քննարկումները, թե դիտարկվում էր Ucom-ը ռուսական կողմին վաճառելը։ 12 տարի ընկերության բաժնետերերը, հավատալով հայկական բրենդի գաղափարին, ջանք չեն խնայել ընկերության կայունության ապահովման համար՝ երբևէ որևէ դիվիդենտ չվերցնելով։ Ավելին, շարունակաբար ջանքերն ուղղվել են հզոր հայկական տելեկոմ բռենդ ունենալու համար», - ասել է Գուրգեն Խաչատրյանը։

Գուրգեն Խաչատրյանը 2009-ից Ucom-ի հիմնադրման ակունքներում է և հանդիսացել է ընկերության մի շարք միջազգային գործընկներների ներգրավման նախաձեռնող։ Գուրգեն Խաչատրյանը ԱՄՆ Հարվարդի համալսարանի Գործադիր կրթության դպրոցի շրջանավարտ է, տարիներ շարունակ զբաղվել է միայն բիզնես գործունեությամբ՝ հանդիսանալով մի շարք կայացած ընկերությունների համահիմնադիր, այդ թվում նաև «Երևան Մոլի»։

Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---