19 հունվարի 2009 - 19:50 AMT
ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը կախված է պաշտոնական Երեւանից, գտնում է եվրահանձակատարը
Հայաստանի կառավարությունն ու ընդդիմությունը պետք է միասին աշխատեն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար ուղի գտնելու ուղղությամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Մենք հուսով ենք, որ իշխանություններն ու ընդդիմությունը կկարողանան ճիշտ ուղի գտնել: Կզրկեն արդյոք հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում թե ոչ, կախված է այն քայլերից, որ կձեռնարկի պաշտոնական Երեւանը»,-ընդգծել է եվրահանձնակատարը:

Հունվարի 26-ին Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների կատարումը, որոնք առնչվում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակին ու 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը: