ՖԻՖԱ-ն չի տուգանի ֆուտբոլիստներին՝ Ֆլոյդի աջակցության ակցիաների համար

ՖԻՖԱ-ն չի տուգանի ֆուտբոլիստներին՝ Ֆլոյդի աջակցության ակցիաների համար

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի տուգանի ֆուտբոլիստներին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքների հետ համերաշխության ժեստերի համար։ Այդ ողբերգության հետ կապված քաղաքական ակցիաները կդիտարկվեն ողջամտության տեսակետից և հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։

ՖԻՖԱ-ում հասկանում են «զգացմունքների խորությունն ու մտավախությունները, որոնք արտահայտում են բազում ֆուտբոլիստներ Ֆլոյդի ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն։

Բունդեսլիգայի մի շարք ֆուտբոլիստներ հանդես են եկել ի աջակցություն ԱՄՆ-ում Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների։ Մասնավորապես, «Շալկեի» ֆուտբոլիստ Ուեսթոն Մաքքենին թևկապ էր կապել որպես ռասիզմի դեմ բողոքի նշան, Մարկուս Թուրամը «Բորուսիայից» իջել է ծնկի, Ջեյդոն Սանչոն և Աշրաֆ Հաքիմին գրել են մարզաշապիկների վրա Justice for George Floyd՝ Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար։

Այդպիսի ակցիաներն արգելված են Բունդեսլիգայի և ՖԻՖԱ-ի կանոնադրություններով։ Գերմանական ֆուտբոլային միությունը խոստացել է քննարկել իրավիճակը վերահսկման կոմիտեում։ Այն կպարզի՝ արդյոք հանդիպումները հարմար վայր են նմանատիպ ակցիաների համար և կքննարկի հնարավոր պատժամիջոցների հարցը։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---