ԱԺ-ն արտահերթում կքննի Թովմասյանի պաշտոնավարման հարցը

ԱԺ-ն արտահերթում կքննի Թովմասյանի պաշտոնավարման հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել։ Օրակարգում Սահմանադրության փոփոխությունների հարցն է։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ նստաշրջանը կմեկնարկի 13։00-ին։

«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվի ավարտված, և պաշտոնավարումը դադարեցվի: Նախատեսվում է, որ մինչև նույն 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ գործող նախագահի լիազորությունները դադարեցվեն և ՍԴ կազմից նոր նախագահ ընտրվի։

«Իմ քայլը» 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։

 Ուշագրավ
---