Փաշինյան․ Ովքեր քարոզում էին, թե վիրուս չկա, հիմա վարակված են

Փաշինյան․ Ովքեր քարոզում էին, թե վիրուս չկա, հիմա վարակված են

PanARMENIAN.Net - Այն մարդիկ, ովքեր քարոզում էին, թե կորոնավիրուս չկա, հիմա վարակված են, Կառավարության նիստում անդրադառնալով համավարակի հետ կապկված իրավիճակին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ այդ շրջանակներից մարդիկ կան, որ չեն ուզում շրջապատն իմանա, թե վարակվել են, գնում, մի տեղ թաքուն ինքնամեկուսանում են։

«Այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակ չէին կրում, նույնիսկ տուգանվելուց հետո, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում։ Չեմ կարող բժշկական տվյալներ հրապարակել», - ասել է նա։

Վարչապետը նաև հայտարարել է, թե սխալ էր արտակարգ դրության իրավական ռեժիմից տեղեկատվության հետ կապված մասը հանելը՝ տուրք տալով ահազանգերին, թե մարդու իրավունքները ոտնահարվում են։

«Դե հիմա չեն ոտնահարվում՝ ով ինչ ուզում, ասում է։ Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ չիպ են դնում, մյուսն ասում է՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված չկա, մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ՝ մասոնների», - ասել է նա։

Փաշինյանն ասել է նաև, որ կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը շարունակվում է։

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 771-ով: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---