Սերժ Սարգսյան. Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ վայ-կառավարիչների պատճառով

Սերժ Սարգսյան. Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ վայ-կառավարիչների պատճառով

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, արձագանքելով Հայաստանի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտություններին, հայտարարել է, որ Ալիևի լեզուն երկարել է՝ «ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով»։

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Սարգսյանը նշել է նաև, որ բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և «Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից»:

«Ալիևը շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ ՀՀ-ն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասվում է Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ:

Ալիևը հայտարարել է, թե ՀՀ անկախության պատմությունը ամոթի պատմություն է։ Նա ասել է,թե ՀՀ գործող իշխանոթյունները ապացուցել են, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---