Փաշինյան․ ՀՀ ԶՈւ-ն որևէ սադրանք անպատասխան չի թողնում, իսկ Ադրբեջանն իր զինվորին ուղարկում է անհեռանկար գործողության

Փաշինյան․ ՀՀ ԶՈւ-ն որևէ սադրանք անպատասխան չի թողնում, իսկ Ադրբեջանն իր զինվորին ուղարկում է անհեռանկար գործողության

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները խիստ դատապարտելի են։

«Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում, արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը` իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանը չի միացել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հայտարարելու կոչին։ Փաշինյանի խոսքով՝ որքան Ադրբեջանում տարածվում է համավարակը, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում են Ադրբեջանի ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները։

Վարչապետի խոսքով՝ խիստ մտահոգիչ է նաև Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նրանք անվերապահ աջակցություն են հայտնում Ադրբեջանի գործողություններին:

«Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել հակահամաճարակային կանոնները, հանդես էր գալիս պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,- ասել է նա։

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել Տավուշի նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից և տանկից։ Հուլիսի 13-ի առավոտյան Ադրբեջանը կրկին վերսկսել է հրետանակոծել հայկական դիրքերը։ Այս ընթացքում հայկական կողմը կորուստներ չունի, հայտարարվել է 2 ոստիկանի վիրավորվելու մասին, ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ 4 զոհի մասին է հայտարարել։

 Ուշագրավ
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել Ավետիսյանի համար։
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն