Մարության․ 100 նոր փոքր ավտոբուս կգնվի՝ գումար ենք հայթայթել

Մարության․ 100 նոր փոքր ավտոբուս կգնվի՝ գումար ենք հայթայթել

PanARMENIAN.Net - Երևանի բյուջեով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերվի, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ինչպես գիտեք՝ ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքները, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս: Իսկ այժմ համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ ևս 100 ավտոբուսի ձեռքբերման համար»,- հայտարարել է քաղաքապետը։

Մարությանը ներկայացրել է նաև նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պահանջներից մի քանիսը, որոնց թվում են ցածր հատակը, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորությունը, սրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայությունը, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորությունը և այլն։

«Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երևանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»,- գրել է նա։

2019-ին Մարությանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում գործող տրանսպորտը վայել չէ երևանցուն։ Քաղաքապետը նաև հայտարարել էր, որ 15 տարվա վաղեմություն ունեցող տրանսպորտային հարցն իրենք փորձելու են լուծել 2 տարում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---