Վարչապետ․ Մեծամորին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է

Վարչապետ․ Մեծամորին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է

PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտ է՝ Հայաստանն ի վիճակի է ապահովելու սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»,- ասել է Փաշինյանը:

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

Վարչապետը նաև նշել է, որ ադրբեջանական քարոզչությունը՝ փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Ըստ Փաշինյանի՝ դա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար:

«Այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ ՀՀ-ն չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի խնդիրն իր ինքնիշխանությունը, սահմանները, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը, իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---