ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը մեծապես գերագնահատել է իր ներուժը

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը մեծապես գերագնահատել է իր ներուժը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է համարել ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը, սակայն մեծապես գերագնահատել է սեփական ներուժը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանակն սահմանային բախումներին։

Նաղդալյանի խոսքով՝ սահմանային լարվածության աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին հասցեագրված հարձակումներ և մեղադրանքներ:

Ըստ Նաղդալյանի՝ սահմանային վերջին իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախի դեմ սադրանքի համատեքստում, քանի որ Բաքվի ռազմական արկածախնդրությունը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքվի տարածաշրջանային քաղաքականության վարման հիմնական մեթոդը:

«Մեր տեսանկյունից, միջպետական սահմանին սադրանքը և ՀՀ տարածքում գտնվող պաշտպանական հենակետի գրավման փորձը սպառնալիք են` ուղղված մեր ազգային անվտանգության դեմ: Նմանօրինակ գործողությունները պետք է կանխվեն ՀՀ զինանոցում առկա բոլոր միջոցներով»,-ասել է նա՝ հավելելով, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանին հարվածելու հայտարարությանը՝ նա նշել է, որ այդ սպառնալիքն ուղղված է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, ներառյալ` նաև Ադրբեջանի։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և ՀՀ-ն հետևողական կլինենք այդ հարցում։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

«Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ սպառնալիքը ոչ միայն մատնացույց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը, այլ նաև ընդգծում է միջազգային հանրության այդ անդամի առողջ դատողության և պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությունը»,-նշել է նա։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի և 18-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---