ՇՄՆ-ն՝ Սևանի կանաչման մասին․ Քայլերի հաջորդականություն է մշակվել հետագայի համար

ՇՄՆ-ն՝ Սևանի կանաչման մասին․ Քայլերի հաջորդականություն է մշակվել հետագայի համար

PanARMENIAN.Net - Սևանի կանաչման հարցը 1-2 տարում լուծելու խնդիր չէ, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունը, Կառավարության հետ համատեղ, մշակել է քայլերի հաջորդականություն, որոնց իրականացման դեպքում լճի կանաչումն անհամեմատ կկրճատվի, PanARMENIAN.Net ին ասաց ՇՄՆ մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

2020-ի հուլիսի կեսից բնապահպանները սկսել են ահազանգել, որ Սևանա լիճը կանաչում է։ Դրա պատճառը, ըստ բնապահպանների, օրգանական նյութերի ավելացումն է, իսկ լուծումը՝ մաքրման կայանների կառուցումը։

Մաքրման կայանների մասին հարցին Գրիգորյանը նշեց, որ բուն կայանների կառուցումը ՇՄՆ ենթակայության տակ չէ, բայց դա ահռելի ռեսուրսների հարց է, ինչի շուրջ ևս աշխատանքներ տարվում են։

«Տարիների ընթացքում կուտակված խնդիր է, սա բնական պրոցես է , որի վրա մարդածին ազդեցություն է ցուցաբերվում: Այո, այստեղ խնդրի կոմպլեքս լուծման հարց կա, այս պահին սպասում ենք եվրոպացի մասնագետներին, որոնք ամբողջ աշխարհում զբաղվել են բարձրադիր լճերի խնդիրներով, ունեն փորձ։ Նրանց այցն ուշանում է համավարակի պատճառով»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը Սևանի խնդիրը պահում է ուշադրության կենտրոնում, մասնագիտական ստորաբաժանումները պարբերաբար մշտադիտարկումներ են անցկացնում Սևանա լճում, տեղացի մասնագետներն էլ առայժմ փորձում են սեփական ուժերով խնդրի լուծման ուղիներ գտնել:

Գրիգորյանը նշում է, որ ծաղկման ամենաինտենսիվ շրջանը որպես կանոն հունիս ամիսն է, 2020-ի հունիսին եղանակը նախորդ տարվա համեմատ ավելի սառն է եղել, լճի ծաղկման պրոցեսն էլ՝ 2019-ից շատ ավելի մեղմ, և հազիվ թե հուլիս-օգոստոսին ավելի ակտիվանա:

«Այսինքն՝ եթե մենք հունիսին չենք ունենում խոշոր կանաչում, նշանակում է, որ հաջորդող ամիսներին այդ գործընթացը դեպի անկում է գնում: Այս տարի մասնագետների նախնական գնահատականներով, մեծ ռիսկեր չկան նախորդ տարվա կանաչման աստիճանն ունենալու»,- ասաց Գրիգորյանը:

Սևանա լիճը 2018-ից կանաչում է. բնապահպանները նշում են, որ Սևան լցվող կոյուղաջրերի, աղտոտման այլ ուղիների պատճառով այնտեղ ավելացող օրգանական նյութերը սնունդ են դառնում ջրիմուռների համար, ինչն էլ խթանում է դրանց աճին ու տարածմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---