Վարչապետ․ Բանակին օգնել ցանկացողները գումարը կարող են ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Վարչապետ․ Բանակին օգնել ցանկացողները գումարը կարող են ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

PanARMENIAN.Net - Նրանք, ովքեր ցանկանում են բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ 1000plus.am կայքի միջոցով։

«Խնդրում եմ նաև ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,- գրել է վարչապետը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։

Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ին եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---