Հայաստանի նախագահին հրավիրել են մասնակցելու Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի Միությունում նախագահող երկրի` Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ հանդիպումով ավարտվել է Հայաստանի Հանրապետության մախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային օրակարգը Դավոսում: Նախագահներ Սարգսյանի եւ Կլաուսի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վացլավ Կլաուսը արձանագրել է հարավկովկասյան տարածաշրջանի կարեւորությունը Եվրոպական Միության համար եւ ընդգծել, որ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը կարեւոր գործիք է տարածաշրջանի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների հետեւողական զարգացման համար:



Նախագահ Սարգսյանն իր հերթին, կարեւորելով նախաձեռնությունը, շեշտել է մեր երկրի պատրաստակամությունը առաջ շարժվելու բարեփոխումների հետագա խորացման եւ ժողովրդավարացման գործընթացների խթանման ճանապարհով` մշակված գործողությունների ծրագրին համաձայն: Վացլավ Կլաուսը Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Պրահայում անցկացվելիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը գոհունակությամբ արձանագրել է մեր երկրին Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորության ընձեռնումը, ինչը կնպաստի Հայաստան-Եվրամիություն առեւտրատնտեսական կապերի եւ փոխգործակցության խորացմանը: Նախագահ Կլաուսի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ վերջին զարգացումները: Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմամբ կավարտվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն:



2009թ. հունվարից Չեխիան հանդիսանում է ԵՄ նախագահ:
 Ուշագրավ
---