ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական գործակցության խնդիրները![]() 29 հուլիսի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 28-ին հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերը: Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման: Դեսպան Կոպիրկինը կրկին վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական գործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, ՀՀ և ՌԴ տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը: Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |