Բաթոյան․ Մանկատան 24 նախկին շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր կստանա

Բաթոյան․ Մանկատան 24 նախկին շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր կստանա

PanARMENIAN.Net - Մանկատան 24 նախկին շրջանավարտ, որոնք ինչ-որ պատճառով նախկինում զրկվել են բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունքից, բացառության կարգով վկայագրեր կստանան, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ որոշման մեջ ներառված անձինք սոցիալական կարգավիճակով չեն տարբերվում բնակարանների գնման վկայական ստացած քաղաքացիներից, սակայն իրավական որոշ խնդիրների պատճառով նախկինում զրկվել են այդ իրավունքից։

«Այս քաղաքացիները մանկատան նախկին սան են հանդիսանում, բայց տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը, դարձել է, օրինակ, գիշերօթիկ դպրոց կամ շուրջօրյա խնամքի կենտրոն, բայց փաստացի նույն ֆունկցիան է իրականացրել»,– ասել է նա։

Կառավարության նախկին որոշմամբ սահմանված կարգով` բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991-2019-ին՝ ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված այն քաղաքացիներին, որոնք չունեն սեփական բնակտարածություն և նախորդ 5 տարիների ընթացքում բնակտարածություն չեն վաճառել։

Նախնական գնահատումամբ՝ այդ անձինք մոտ 300 են, նրանցից 133-ն արդեն ստացել են բնակարանի գնման վկայական, 50-ը՝ ձեռք են բերել բնակարաններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---