4 փետրվարի 2009 - 17:08 AMT
Շուտով ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը անդառնալի գործընթաց է ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում: Ողջ աշխարհը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ աշխարհում իրագործված բոլոր ցեղասպանությունների ճանաչումն է ուզում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «ԱՄՆ 110-րդ Կոնգրեսն արդեն ավարտել է իր աշխատանքը: Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւի նախագիծը դեռեւս ներկայացված չէ 111-րդ Կոնգրեսի օրակարգում: Մենք ակնկալում ենք, որ շատ շուտով բանաձեւը կներկայացվի Կոնգրեսում, բայց դեռեւս անհնար է ասել, թե արդյոք այն նման է լինելու 106-րդ բանաձեւին, թե` ոչ»,- ասել է նա:

Վարդանյանի խոսքով, AAA-ն Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվ բանակցություններ է վարում կոնգրեսականների, Կոնգրեսի` Հայաստանին աջակցելու Խմբի համանախագահների եւ ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ: «Վերջին ժամանակներս մի քանի անգամ Վաշինգտոն են այցելել թուրք պատվիրակները: Նրանք ամեն կերպ փորձում են ԱՄՆ նոր վարչակազմին համոզել` ձեռնպահ մնալու Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: Այդպիսի այցերը, իհարկե, միշտ էլ եղել են, բայց վերջերս դրանք ավելի ինտենսիվ են դարձել»,- նկատել է AAA տարածաշրջանային տնօրենը:

Արփի Վարդանյանը նաեւ նկատել է, որ կոնգրեսականերրի հետ անցկացրած հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ Կոնգրեսի անդամները ԱՄՆ նոր նախագահից նույնպես ակնկալում են նախընտրական խոստումների կատարում, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչում: «Մենք չենք բացառում, որ ԱՄՆ-ն ազգային շահեր ունի Կովկասում, եւ պաշտոնական Վաշինգտոնը, իհարկե, չի ցանկանում տարաձայնություններ ունենալ Անկարայի հետ: Բայց եւ այնպես, մենք հավատում ենք, որ Բարակ Օբաման եւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որն արդեն ավելի քան 20 տարի օժանդակում է ԱՄՆ հայկական համայնքը, կճանաչեն Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Վարդանյանը: