ԱԱԾ․ Երևանի նախկին քաղաքապետը 235 մլն դրամի վնաս է պատճառել, Կենտրոնում գույք է օտարվել

ԱԱԾ․ Երևանի նախկին քաղաքապետը 235 մլն դրամի վնաս է պատճառել, Կենտրոնում գույք է օտարվել

PanARMENIAN.Net - 2009-ին Երևանի մի շարք հասցեներում գտնվող անշարժ գույքերն օտարվել են այդ ժամանակ քաղաքապետի պաշտոնում գտնվող անձի հետ փոխկապակցված անձերին, համայնքին 235 մլն դրամի վնաս է պատճառվել։ Դեպքի առթիվ 2020-ի օգոստոսի 14-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ:

2009-ի մարտի 4-ից Երևանի քաղաքապետ է նշանակվել Գագիկ Բեգլարյանը՝ փոխարինելով նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ 2010-ի դեկտեմբերին Բեգլարյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել։

Մասնավորապես, Կենտրոնի թաղային համայնքի պաշտոնատար անձինք, 2009-ի ընթացքում նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Մաշտոցի պողոտայում, Չարենցի փողոցում, Վարդանանց փողոցում գտնվող անշարժ գույքերը նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, ձեռք են բերել սեփականության իրավունք: 2011-ին նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Ըստ ԱԱԾ-ի՝ 235 մլն դրամ արժողությամբ գույքը ոչ իրավաչափ կերպով հանձնվել է այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրգործով տվյալներ կան Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան 27 անշարժ գույքի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքին ապօրինի տիրանալու վերաբերյալ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---