Ծառուկյանը դուրս է եկել դատարանից․ Կալանքի հարցով որոշում դեռ չկա

Ծառուկյանը դուրս է եկել դատարանից․ Կալանքի հարցով որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել դատական նիստից, որտեղ քննվում էր նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ Նա միայն ասել է, որ բոլոր հարցերին փաստաբանները կպատասխանեն, և հեռացել դատարանի բակից, գրում է Sputnik Armenia-ն։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ դատարանը Ծառուկյանի կալանքի հարցով որոշում դեռ չի կայացրել, իրենք ինքնաբացարկ են հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նա հավելել է, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` միջնորդության մասով որոշում կայացնելու։

Սարգսյանը տեղեկացրել է, որ ինքնաբացարկի միջնորդության համար հիմք են հանդիսացել տեղեկությունները, որ ինչ–որ պաշտոնատար անձանց միջամտությունից հետո դատական համակարգում որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն և ժամկետները համապատասխանեն Կենտրոնի առաջին ատյանի դատարանների դատավորների հերթապահությանը, տվյալ դեպքում` Մնացական Մարտիրոսյանի։

«Եվ քանի որ հերթապահությունը մեկ շաբաթ էր` սեպտեմբերի 14-20-ը, որոշված էր, որ գործը պետք է մուտքագրվի հենց այդ օրը, որպեսզի հստակ հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին»,– ասել է նա։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան։

Ընթերցեք նաև․ Ծառուկյան․ Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---