ԱԱԾ․ Նախկին բարձրաստիճան զինվորականը պետդավաճանություն է արել

ԱԱԾ․ Նախկին բարձրաստիճան զինվորականը պետդավաճանություն է արել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանության դեպք, այդ անձը կալանավորվել է:

Նրա նկատմամաբ քրգործ է հարուցվել ՔՕ 299 հոդվածի առաջին մասով (Պետական դավաճանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ ապացույցներ կան, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան պարբերաբար մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած և իր կողմից հավաքագրված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Անձն այդ ամբողջ ընթացքում փորձել է հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարները:

Ըստ ԱԱԾ-ի՝ անձն ադրբեջանական հետախուզությունից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և ՀՀ-ի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն։

Մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաև դեռևս արդիականությունը չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով:

Հայտնաբերվել են նաև հետախուզական գործունեություն կատարելու համար նախատեսված ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր:

 Ուշագրավ
Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով