Մուրադյան․ Վիրավորների մեծ մասը բեկորային կամ պայթյուններից ստացված վնասվածքներ ունեն

Մուրադյան․ Վիրավորների մեծ մասը բեկորային կամ պայթյուններից ստացված վնասվածքներ ունեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմում վիրավորների հիմնական մասն ունեն բեկորային կամ պայթյուններից ստացված վնասվածքներ, հայտարարել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ըստ ԵՊԲՀ ռեկտորի՝ վնասվածքների բնույթն արդեն խոսում է ոչ ադեկվատ, և ոչ մարդասիրական ռազմական ուժի կիրառման մասին։

«Վնասվածքները, որ տեսնում ենք, դուրս են մարդասիրական ու համամարդկային բոլոր արժեքներից՝ այդ զենքերի կիրառումն անմարդկային բնույթ է կրում, առավել ևս մի պահի, երբ բոլորը պայքարում են կորոնավիրուսի արհավիրքի դեմ»,-հայտարարել է նա՝ կոչ անելով աշխարհի բժիշկներին իրենց ձայնը բարձրացնել։

Մուրադյանը նշել է, որ Արցախից շտապօգնության մեքենաների Երևան գալը կապված է բուժօգնության ճիշտ կազմակերպման և պլանավորման հետ։ Նա նշել է, որ ՀՀ-ում և Արցախում առկա անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու դեղամիջոցները կան, սակայն իրադարձությունների զարգացումը կարող է նոր ռեսուրսներ պահանջել։

Մուրադյանը նաև հայտնել է, որ բուժաշխատողների հետ քննարկել է վիրավորների համար համապատասխան բուժօգնության կազմակերպման հարցը՝ հաշմանդամությունից խուսափելու համար։ Նա նշել է, որ վիրավորներին ու նաև երեխաներին հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---