ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հրետակոծումը

ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հրետակոծումը

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի համատարած հրետակոծումը։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ բնակելի շրջանում պայթուցիկ բնույթի զենքի կիրառումը կարող է հումանիտար իրավունքի խախտում դիտարկվել։ Այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը։

«Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության համար»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

ԿԽՄԿ-ն հիշեցրել է, որ վերջին օրերին «սաստկացել է ծանր սպառազինության և պայթուցիկ բնույթի զենքի կիրառումը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում»։ Ըստ կազմակերպության տվյալների՝ «ծանր հրետանու և օդային գրոհների, այդ թվում հրթիռների կիրառմամբ, քանդվել և վնասվել են հարյուրավոր տներ և առանցքային ենթակառուցվածքներ՝ հիվադանոցներ ու դպրոցներ։ Վնասվել են նաև ճանապարհները, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ցանցերը»։

Կարմիր խաչում համարում են, որ անհրաժեշտ է խուսափել նման զենքի կիրառումից բնակելի թաղամասերում, եթե միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---