Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնել բոլորին, ում շնորհիվ ողջ է

Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնել բոլորին, ում շնորհիվ ողջ է

PanARMENIAN.Net - Արցախում վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրող Ալան Կավալը շնորհակալություն է հայտել բոլոր նրանց, ովքեր օգնել են փրկել իր կյանքը։ Այդ մասին լրագրողը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ֆրանսիացի լրագրողը վիրավորվել է հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ Նրան ուղեկցում էին լրագրող Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն։ Լրագրողներին ուղեկցում էր մարտունեցի 28-ամյա Գրիշա Նարինյանը, որը զոհվել է։

«Հրետակոծության հետևանքով զոհվեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հրետակոծության հետքերը։ Նա 28 տարեկան էր։ Իմ մտքերն ամեն օր նրա և նրա հարազատների հետ են։ Նա զոհվեց, որովհետև ուզում էր, որ աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը»,- գրել է Կավալը։

Լրագրողը նշել է, որ քայլ առ քայլ դեպի ապաքինում է գնում՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, որոնք հարվածից հետո առաջին իսկ րոպեից մեծ ջանքեր են գործադրել Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում փրկելու համար իր կյանքը։ Նա նշել է, որ այդ մարդկանցից ոմանք հայտնի դեմքեր են, ոմանք՝ իր կոլեգաները, իսկ ոմանք՝ անհայտ մարդիկ, որոնց անունները չգիտի։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիի բուժկենտրոնի հերոս աշխատակիցներին, որոնք հարձակման տակ լինելով, փրկեցին անծանոթ օտարերկրացիներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ոլորապտույտ ճանապարհով հասցրեցին ինձ Ստեփանակերտ շտապ օգնության հին մեքենայով»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր բուժաշխատողներին։

Կավալը նաև շնորհակալաություն է հայտնել Արցախի, ՀՀ և Ֆրանսիայի իշխանություններին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին, իր գործընկերներին։

Հոկտեմբերի 1-ին Մարտունիում հրետակոծություններից վիրավորվել էր 4 լրագրող, որից 2-ը՝ ֆրանսիական Le Monde-ից: Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ին Արցախում թիրախավորել էին նաև Agence France Press գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։ Միջազգային և տեղական տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել էր: Հոկտեմբերի 8-ին Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորվել են նաև ռուս լրագրողներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---