Զեյնալյան․ 2 հայ զինծառայող է գերեվարվել, դիմել ենք Եվրադատարան

Զեյնալյան․ 2 հայ զինծառայող է գերեվարվել, դիմել ենք Եվրադատարան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայող՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Նշվում է, որ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին․

1. Գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020 թ. զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,

2. Մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,

3. Ապահովելու պատշաճ բժշկական օգնություն։

«Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020 թ. գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը: Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

1. Պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,

2. Տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,

3. Տեղեկություններ նշված երկու զինծառայողի փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով»,-ասվում է գրառման մեջ։

Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ՝ մինչև հոկտեմբերի 22-ը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
Հարությունյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը պլանավորել է Թուրքիան