National Review. ԱՄՆ-ի` Ադրբեջանին աջակցելու փաստարկները թույլ են

National Review. ԱՄՆ-ի` Ադրբեջանին աջակցելու փաստարկները թույլ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում պատկերացումներ կան, որ Ադրբեջանն իրենց թիմում է, որովհետև դեմ է Իրանին և Ռուսաստանին, դրա համար էլ պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում։ Սակայն, ըստ National Review-ի, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Ադրբեջանի հարաբերություններն Իրանի և Ռուսաստանի հետ թշնամական չեն․ նրանք ունեն իրենց ընդհանուր հետաքրքրությունները։ Եվ դրա համար ժամանակն է վերանայել ԱՄՆ-ի շահերը Հարավային կովկասում։

Նշվում է, որ Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին 2020-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ադրբեջանին ավելի քան $100 մլն-ի ռազմական օգնություն է հատկացրել, ինչն ավելի շատ է, քան տարածաշրջանում երբևէ այլ երկրի հատկացված օգնությունը։

Ըստ աղբյուրի՝ այդ միջոցները վստահվել են Ալիևների կոռումպացված ռեժիմին, որոնք թեև Արևմուտքին իրենց ցուցադրական բարյացակամությանը, երկրի ներսում ապշեցուցիչ բացասական տոնով են խոսում ԱՄՆ-ի մասին, իսկ «ժողովրդավարության համար պայքարողներին որակում են արևմտյան իմպրելիաստների շահերին ծառայող դավաճաններ»։

ԱՄՆ-ի Ադրբեջանին սատարելու փաստարկն էլ ավելի է թուլանում, երբ դիտարկվում են Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունները։ Նշվում է, որ ՌԴ-ն նույնքան հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին, որքան Հայաստանին: Օրինակ է բերվում Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքը, Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` միմյանց հասցեին փոխադարձ գովքը։

Պատկերը նույնն է Թեհրանի հետ հարաբերությունների դեպքում։ Ադրբեջանում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ «ԼՂ-ն մուսուլմանական երկիր է, իսկ ադրբեջանցի զինվորները` նահատակներ»։

Սա բացատրվում է նաև Իրանում ադրբեջանական համայնքի մեծությամբ։ Նշվում է նաև, որ երկու շիադավան պետութունը համատեղ վարժանքներ են անցկացնում, համագործակցում ռազմական ոլորտներում։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ միայն կանխիկ փողի դիմաց իրանա-ադրբեջանական էթնիկական և կրոնական կապերը չեն խաթարվի։

Որպես Ադրբեջանի գլխավոր դաշնակից` հարցականի տակ է դրվում նաև ԱՄՆ-ի` Թուրքիայի հետ հարաբերությունների ամրությունը, օրինակ է բերվում Թուրքիայի՝ Իրանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելը, ինչպես նաև ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող Մերձավոր Արևելքում գործող որոշ խմբավորումներին աջակցությունը։

Որպես ամփոփում նշվում է, որ ԱՄՆ-ն` չունենալով Ադրբեջանի աջակցության համար համոզիչ աշխարհաքաղաքական պատճառներ, պետք է հաշվի առնի Հայաստանի խոցելիությունը, ժողովրդավարության առաջընթացը և ինքնորոշման իրավունքը։ Իսկ ՀՀ-ին աջակցելը ոչինչ չի արժենա, հակառակը` կխնայի Բաքվին ամեն տարի ուղարկվող ամերիկյան հարյուր միլիոնավոր դոլարները։ Հայաստանին ագրեսիվ բռնապետության դեմ աջակցելը բխում է հենց Միացյալ Նահանգների շահերից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---