Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանի ԶՈւ-ն խրախուսում է հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանի ԶՈւ-ն խրախուսում է հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

PanARMENIAN.Net - Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ մասին ասվում է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող Արցախի ՄԻՊ-ի 2-րդ փակ զեկույցում, որն ուղարկվել է բազմաթիվ միջազգային կառույցների:

Նշվում է, որ այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Երկրորդ զեկույցում Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերն են հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---