24 փետրվարի 2009 - 17:35 AMT
Թբիլիսին վախի մթնոլորտ է ստեղծում Ախալցխայում եւ Ախալքալաքում
Բրյուսելում Եվրախորհրդարանի սոցիալիստական թեւի հետ հանդիպումների ընթացքում ՀՅԴ կուսակցությունը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց Ջավախքի իրադրությանը: «Հայկական պատվիրակությունը խորհրդարանականներին ծանոթացրեց Ջավախքի հայկական բնակչության դրության հետ, մասնավորապես, մարդու իրավունքների խախտումների եւ անհիմն մեղադրանքների հետ, որոնք առաջադրում են Վրաստանի իշխանությունները: Թբիլիսին վախի մթնոլորտ է ստեղծում Ախալցխայում եւ Ախալքալաքում»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Դրա հետ մեկտեղ նա գտնում է, որ Հայաստանը չի կարող միջամտել Վրաստանի ներքին գործերին եւ պաշտպանել իր հայրենակիցներին, քանի որ դա կդառնա Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների խախտում: «Ճիշտ է, Վրաստանը նույնպես պարտավորություններ ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների, խոսքի ազատության եւ հավաքի պաշտպանության առնչությամբ: Բայց կրկնում եմ` կան սահմաններ, որոնք Հայաստանը չի կարող հատել: Մյուս կողմից Վրաստանը դիմում է ամեն քայլի, որպեսզի լուծի «հայկական հարցը»` ողջ Ջավախքի հայությանը ստիպելով տեղահան լինել: Հենց դա էլ չի կարելի թույլ տալ»,- ընդգծել է Մանոյանը:

Նրա կարծիքով, Թբիլիսին մինչեւ հիմա «չի կարողանում» վերանորոգել Բավրա-Ախալքալաք-Ախալցխա-Բաթումի ճանապարհը, թեեւ այդ ճանապարհի վերակառուցման համար պակաս միջոցներ չեն տրամադրվել: «Ջավախքի ժողովուրդը ինչ-որ գերբնական բան չի պահանջում, նա պարզապես ցանկանում է ապրել իր հայրենիքում: Հենց դա էլ քաղաքական խնդիր է հանդիսանում»,- ասել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը` հիշեցնելով, որ ժամանակին Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցանկանում էր բացել Հայաստանի հյուպատոսությունը Ջավախքում, սակայն Վրաստանը մերժեց: