Փաշինյանը՝ քաղպատերազմ հրահրելու մասին․ Արձագանքել եմ զինվորների հետ հանդիպման առաջարկներին

Փաշինյանը՝ քաղպատերազմ հրահրելու մասին․ Արձագանքել եմ զինվորների հետ հանդիպման առաջարկներին

PanARMENIAN.Net - Առաջնագծի զինվորականներին հանդիպելու՝ նոյեմբերի 16-ի գիշերվա գրառման հետ կապված շահարկումներն անտեղի են և նրանց հետ հանդիպման մեջ վատ բան չկա, քանի որ նրանք են ճշմարտության կրողը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով քաղաքացիական պատերազմ հրահրելու վերաբերյալ իր հասցեին քաղաքացիների մեղադրանքներին։

Գիշերը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ապշած է առաջնագծի զինվորականների խորագիտությունից, մի քանի հոլովակ է դիտել ու կարծում է, որ նրանք ճիշտ են։ «Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,-եզրափակել էր վարչապետը։ Փաշինյանի այս գրառումը րոպեների ընթացքում մեծ արձագանք էր գտել, նրան քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ էին մեղադրում, որոշները հրաժարական էին պահանջում։

Փաշինյանը նշել է, որ զինվորականները շատ դեպքերում հնչեցնում են խորը վերլուծություններ, որոնց համար հիմք են հանդիսանում նրանց աչքի առաջ տեղի ունեցածները։

«Շատ մեկնաբանություննների հետ ես համաձայն եմ։ «Սպասում եմ ձեզ Երևանում» մեկնաբանությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական բախումների կոչ կա։ Սիրելի հայրենակիցները, եթե ուշադիր լինեք՝ հայտնի իրադարձություններից հետո այդ զինվորներից շատերը զորացրվում ու վերադառնում են իրենց ընտանիքներ, և այդ մարդկանց խմբեր ու առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումն անպայման կկազմակերպեմ: «Վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը». բավականին կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս հայտնի արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այս ձևակերպումն օգտագործել եմ և սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, և որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դավադրությունների մեջ է ներգրավված եղել։ Ով, եթե ոչ առաջնագծի զինվորը, գիտի այդ հարցի պատասխանը»,- ասել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ առաջնագծից ոչ մեկ ՀՀ ու Երևան չի վերադառնում զինված, հատուկ անցակետեր կան, զորամասերում նրանք զենքերը սահմանված կարգով հանձնում են։ Իրավիճակն այնպիսին է, որ խոսքը տասնյակ ձևերով է մեկնաբանվում։

Փաշինյանը համաձայնել է, որ առաջնագծի զինվորականների տեսանյութերում երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում՝ զուգահեռաբար հիշեցնելով, որ նոյեմբերի 10-ի գիշերը եղած բռնությունները դատապարտման չեն արժանացել, նույնիսկ ՄԻՊ-ը չի արել դա, այլ միայն առաջնագծի զինվորները:

Նոյեմբերի 10-ի գիշերը Փաշինյանը ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարների հետ պատերազմի դադարեցման հայտարարություն էր ստորագրել։ Երևանում մի քանի հարյուր հոգի բողոքի ցույց էին կազմակերպել, որոշները ներխուժել էին Կառավարություն, Ազգային ժողով նաև Փաշինյանի տուն։

«Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ով է դրա մասին խոսում։ Ես կարծում եմ, որ ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար»,- ասել է վարչապետը։

Ըստ նրա՝ դավադրության գնացող կառավարությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետական պաշտպանության ծառայությունը չէր ուղարկի հայրենիքի սահմանները պաշտպանելու։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---