Դավիթ Բաքրաձե. Թբիլիսին ամեն ինչ կանի Վրաստանի հայկական եկեղեցիների հարցը կարգավորելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնեց, որ իր առաջին պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ կհանդիսանա երկու բարեկամ պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության զարգացման գործում: Նա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխադարձ այցով հրավիրեց Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը բոլոր մակարդակներում` համոզմունք հայտնելով, որ շփումները, փոխգործակցությունը հանձնաժողովների, խորհրդարանականների միջեւ կնպաստեն հարաբերությունների սերտացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հետեւողականորեն փորձում է բարելավել հարաբերությունները իր անմիջական հարեւան Թուրքիայի հետ եւ կարեւորում հայ-թուրքական սահմանի բացումը: Նշվեց, որ հայկական կողմը պահպանում է չեզոք դիրքորոշում աբխազական ու հարավօսեթական հակամարտությունների կարգավորման հարցում` վրացական կողմից ակնկալելով նույն հավասարակշռված մոտեցումը ԼՂՀ հարցում:



ՀՀ Ազգային ժողովի նախագահը ընդգծեց տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` այս համատեքստում կարեւորելով «Հյուսիս Հարավ» տրանսպորտային միջանցքի հատված հանդիսացող Եր-ան - Գյումրի - Նինոցմինդա - Ախալցխա - Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը: Անդրադառնալով Վրաստանում դարեր շարունակ գործող Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցիների խնդրին` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակի հարցի լուծումից հետո կկարգավորվեն նաեւ եկեղեցիների վերադարձման հետ առնչվող հարցերը:



Վրաստանի խորհրդարանի նախագահը եւս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, այս համատեքստում կարեւորելով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կարեւորվեց տնտեսական կապերի ակտիվացումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը: Նշվեց, որ հինգ տարվա ընթացքում 50 անգամ ավելացել է Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվը: Պարոն Բաքրաձեն բարձր գնահատեց հայկական կողմի դիրքորոշումը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցերում: Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ Կովկասյան տարածաշրջանի զարգացումը, կայունությունը եւ անվտանգությունը պայմանավորված է նաեւ հայ-վրացական հարաբերություններով: Անդրադառնալով հայկական եկեղեցիների խնդրին, նա հավաստիացրեց, որ Վրաստանի իշխանությունները իրեց իրավասությունների սահմաններում ամեն ինչ կանեն խնդիրը կարգավորելու համար, քանի որ հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---