Փաշինյանը՝ Լավրովին․ Պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը՝ ապագայի համատեքստում

Փաշինյանը՝ Լավրովին․ Պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը՝  ապագայի համատեքստում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական մոտակա տեսլականի ու ապագայի առումով ունեն ընդհանուր հայացքներ և ծրագրեր, որոնք բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Լավրովի գլխավորությամբ:

«Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում»,- ասել է վարչապետը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության իրականացմամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման առումով:

«Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար»,-ասել է նա։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար:

Լավրովը նաև հայտնել է, որ ակտիվորեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ թվում ՄԱԿ-ի կառույցների, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը:

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---