ԱԺ խորհուրդը քննարկում է Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցը

ԱԺ խորհուրդը քննարկում է Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունից մեկն է։

Նման որոշման համար հիմքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունն է:

ԱԺ խորհրդի կազմում են խորհրդարանի նախագահությունը, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները

Hetq.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին ԱԺ խորհուրդն այս օրակարգով նիստ էր հրավիրել, սակայն Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէր: ԱԺ կանոնակարգի համաձայն` պատգամավորի ներկայությունը պարտադիր է նման հարցի քննարկմանը, սակայն նույն հարցով երկրորդ նիստին խորհուրդը կարող է այդ հարցը քննարկել առանց նրա:

Ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով ԲՀԿ առաջնորդի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ N 03/2020 վարույթի նյութերը, եզրակացրել էր, որ խախտվել են Հանրային ծառայության մասին օրենքի պահանջները, որի համաձայն պատգամավորն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրությամբ։

Հուլիսի 6-ի վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմումի հիման վրա, որին կցված է «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդի փաստաբանը հայտարարել էր, որ Ծառուկյանը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի իրեն սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների կառավարմանը չի մասնակցել, իսկ այդ ժողովին, որ մասնակցել է, փաստացի, ըստ էության, նա որևէ կառավարչական լիազորություն, գործառույթ չի իրականացրել: Ծառուկյանը, իր գործարար պատգամավոր լինելու մասին բոլոր հարցերին ի պատասխան միշտ պատասխանել է, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր և իր բոլոր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման։

 Ուշագրավ
Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ
Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ
Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին