Բրիտանահայ համայնքի խնդրանքը՝ շուտափույթ ՀՀ դեսպան նշանակել ՄԹ-ում, որի տեղը թափուր է 2019-ից

Բրիտանահայ համայնքի խնդրանքը՝ շուտափույթ ՀՀ դեսպան նշանակել ՄԹ-ում, որի տեղը թափուր է 2019-ից

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԳ նախարարին՝ խնդրելով շուտափույթ զբաղվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի նշանակման գործով։

Նշվում է, որ Արման Կիրակոսյանի մահվանից հետո 2019-ի հուլիսից ի վեր ՄԹ-ում ՀՀ դեսպան չի նշանակվել։

«Առանց այն էլ սակավաթիվ աշխատակազմ ունեցող դեսպանատան համար սա լուրջ հարված է ներուժի և ՄԹ-ում ներկայացուցչական կշռի իմաստով: Սա բնականաբար անդրադառնում է ՄԹ-ում ՀՀ շահերի պաշտպանության, ինչպես նաև ՄԹ-ում հայկական համայնքի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման արդյունավետության վրա։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած հանցավոր պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական համայնքը փորձել է ինքնակազմակերպվել և ուժերի ներածի չափով թե ֆինանսական, թե քաղաքական աջակցություն ցուցաբերել հայրենիքին։ Այդ աշխատանքները, սակայն, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե դիվանագիտական բարձր մակարդակով ներկայացված դեսպանատունը նախ ակտիվորեն աշխատեր ՄԹ-ում քաղաքական շրջանակների և հասարակության հետ, և երկրորդ՝ խաղար համակարգող դեր համայնքի ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու գործում»,- ասվում է նամակում, որն 80-ից ավելի մարդ է ստորագրել, գրում է «Առավոտը»։

Նշվում է, որ այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական, իրավական և քաղաքական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր, որն ունի շուտափույթ լուծման կարիք։

«Սա էլ ավելի է կարևորվում, հաշվի առնելով Ադրբեջանի լավագույնս ներկայացված լինելը և շատ ակտիվ աշխատանքը ՄԹ-ում՝ ի պաշտպանություն Արցախի հարցում իրենց շահերի։ Մենք պարտավոր ենք ունենալ համապատասխան կարողություններ թշնամու այդ ջանքերը հակադարձելու համար։ ՄԹ-ի շահերը և քաղաքական հետաքրքրությունները չեն սկսվում և ավարտվում նավթա-գազային արդյունաբերությունում նրա ունեցած շահերով։ ՄԹ-ն շատ ավելի բարդ քաղաքական կառույց է և ճիշտ, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում ՀՀ շահերը կարող են համարժեքորեն ներկայացված և պաշտպանված լինել ՄԹ-ում, այդ թվում նաև այստեղի համայնքի ավելի համակարգված և նպատակային աշխատանքի շնորհիվ»,-ասվում է նամակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---