Աշոտ Մինասյանը՝ Լելե Թեփեն գրավելու Փաշինյանի «անհեռատես» հրամանի, զորքի նահանջի և «օդից հերոս դարձած» գեներալների մասին

Աշոտ Մինասյանը՝ Լելե Թեփեն գրավելու Փաշինյանի «անհեռատես» հրամանի, զորքի նահանջի և «օդից հերոս դարձած» գեներալների մասին

PanARMENIAN.Net - «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը հույս է հայտնել պաշտոնաթող գեներալներին, Վեհափառին, հոգևորականներին, զոհվածների հարազատներին տեսնել դեկտեմբերի 5-ի ընդդիմության հանրահավաքին, քանի որ, նրա պնդմամբ, պատերազմում պարտության թիվ մեկ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ազատամարտիկն իր կոչը հիմնավորել է մի շարք աղմկահարույց հայտարարություններով։

Նա տարակուսանք է հայտնել պատերազմի ընթացքում բարձրաստիճան որոշ զինվորականներին հերոսների կոչումներ տալու պատճառների համար՝ այն որակելով «օդից հերոս դառնալ»։

Մինասյանը պատմել է, որ նահանջի օրերին, երբ ինքը Ֆիզուլիի Կարախանբեյլի գյուղի արվարձաններում էր, հեռախոսով զրուցել է Շուշիում գտնվող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ։

«Մանվել Գրիգորյանն ասում է՝ Աշոտ, ինչ վիճակ է, ասում եմ՝ պարոն գեներալ, մերոնք մտել, հասել են ստանցիա՝ մինչև Քյանթ Հորադիզ խաչմերուկ, որ տանկերը հասել են այնտեղ․ վտանգված է»,- պատմել է ազատամարտիկը։

Նա մանրամասնել է, թե ոչ ադեկվատ վիճակում Փաշինյանը հրաման է արձակում՝ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն (Ջաբրայիլի ուղղություն-խմբ․), դրա համար կպարգևատրվեք հերոսի կոչումներով։

«Եվ այդ չկայացած գեներալիտետն ընդունում է այդ փաստը որպես իրողություն և հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում են մինչև ստանցիա-Քյանթ Հորադիզ արանքի խաչմերուկ․․․ երբ իրեն զեկուցում են, որ հասել են էդտեղ, ինքը (Փաշինյանը-խմբ․) մեկ զինվորականի գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ Ազգային հերոսի»,- հայտարարել է Մինասյանը՝ նշելով, որ դրա նպատակը հանրությանը ներկայացնել էր այն թեզը, թե «դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ այն»։

Նրա խոսքով՝ հայկական կողմը՝ ոգևորվելով, սկսում է առաջանալ դեպի խաչմերուկ, իսկ գեներալ Գրիգգորյանը հարցնում է՝ արդյո՞ք զորքը հասել է տանկերի հետևից։

«Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, ինչքան զոհ ենք տվել այդտեղ, որովհետև բոլորիս արդեն պարզ է՝ ինչքան կարող էինք կորուստներ ունենալ, ասեմ` եթե զինվորը տանկերի հետ նույն տեղում չէ, ուստի մեր տանկերը դառնալու են թիրախ թշնամու համար։ Եվ լինում է այնպես, ինչպես եղավ»,- մանրամասնել է Մինասյանը՝ հայտարարելով, որ այնուհետև զորքն ահավոր մեծ թափով նահանջել է։

Նա նշել է, որ հերոսի կոչման արժանի չլինելու իր խոսքը չի վերաբերում այն վաստակած փառահեղ տղաներին՝ զինվորներին և հրամանատարներին, այդ թվում՝ գեներալներ Կարեն Ջալավյանին և Սերգեյ Շաքարյանին։

Մինասյանը խոսել է նաև իր համար մեկ այլ տարօրինակ եղելությունից․ ինքը տեսանկարահանել է՝ ինչպես է «Սիսական» գնդի հրամանատարը իր զորքի հետ փախել, այդ տեսանյութը ներկայացրել է համապատաասխան պաշտոնյաների, որից հետո եղել է գնդի հրամանատարի ձերբակալման որոշում, սակայն ավելի ուշ, ի զարմանս իրեն, պաշտոնից հեռացված նույն մարդը նշանակվել է Սովետաշենի գնդի հրամանատար։

Ազատամարտիկը հայտարարել է, որ անտերության մատնված զինվորը և զորքը հրաշալի մարտնչել են և չեն պարտվել, «նրանց տիրություն անող» չի եղել, պարտվել են Փաշինյանի նշանակած հրամանատարները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմը սկսել է, քանի որ տեսել է՝ իր թշնամի երկրում պետության բոլոր սյուները քայքայված են, «պետության ղեկավարը ունակ չէ պատերազմ վարելու, և օգտագործել է պատեհ առիթը»։ Բացի այդ, ըստ Մինասյանի՝ պատերազմը սկսելու պատճառ է նաև անկոմպետենտ մարդկանց նշանակումը պատասխանատու պաշտոնների՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում:

Ազատամարտիկը հայտարարել է, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում պատերազմներ հաղթած գեներալներն ու հրամանատարները հեռացվում էին պաշտոններից, նրանց փոխարեն ասպարեզ են բերվել պատերազմներից անտեղյակ մարդիկ։ Վերջիններս աճել են շտաբներում, «տաքուկ անկյուններում», ապա ստացել բարձր կոչումներ և պաշտոններ։

Նա փոխանցել է, որ պատերազմի ընթացքում մեկուսացվել են բոլոր նախկին բանիմաց գեներալները, նրանք անգամ զինվորի կարգավիճակ չեն ունեցել։ Մինասյանը կոչ է արել գեներալներին չլռել, որովհետև իրենց լռությունը կնշանակի, որ ինքը և գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ստում են։

«Գերագույն գլխավոր հրամանատարը բանակը այլասերողին նշանակում է բարձր պաշտոնի և վստահում ամբողջ սահմանային պաշտպանությունը, բնականաբար մենք պետք է կրեինք պարտություն»,- ասել է նա՝ նշելով, որ խոսքը սահմանապահ զորքերի հրամանատարի (Վաղինակ Սարգսյան-խմբ․) մասին է։

Մինասյանն իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառը համարում է իր իրազեկվածությունը, հայտնել է՝ չի երկնչելու։

Աշոտ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում են իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---