ԵՊԲՀ-ն կոչ է անում հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

ԵՊԲՀ-ն կոչ է անում հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմը, գիտաշխատողները, ուսանողները պահանջում են հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Հայտարարությունը հրապարակվել է բուհի ֆեյսբուքյան էջում։

«Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։ Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:

Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը․․․Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ:

Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները կոչ են անում հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 3-ի նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե այն «արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---