Նորածնի առուվաճառքի դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է․ Ուղարկվել է դատախազին

Նորածնի առուվաճառքի դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է․ Ուղարկվել է դատախազին

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է նորածին երեխայի առուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, այն մեղադրականը հաստատելու միջնորդությամբ ուղարկվել դատախազին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ 8 ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 դոլարով երեխայի վաճառքը կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի բնակչուհու հետ:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: Հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո:

Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ Երևանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար, 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները:

Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով) և 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:): Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին և մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը :

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---