Էջմիածնի զորամասի հրամանատարը՝ 34 զինծառայողի անհետ կորելու հանգամանքի մասին

Էջմիածնի զորամասի հրամանատարը՝ 34 զինծառայողի անհետ կորելու հանգամանքի մասին

PanARMENIAN.Net - էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, որի զորամասից 34 անհետ կորած զինծառայող կա, հայտարարել է, որ նրանք կորել են շրջափակման մեջ ընկնելու անկանոն մարտի ժամանակ։

Նրա խոսքով՝ ինքն էլ մինչև վերջին պահը եղել է իր զինվորականների հետ, նրանց հետ նույն տարածքում շրջափակման մեջ է ընկել, սակայն իրեն և ևս 22 զինծառայողի հաջողվել է դուրս գալ։

Դեկտեմբերի 10-ին ծնողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Էջմիածնի զորամասի մոտ, նրանք նաև պարբերաբար ակցիաներ են իրականացնում կառավարության, պաշտպանության նախարարության շենքերի առջև՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել իրենց որդիների որոնողական աշխատանքների ընթացքի մասին։

«Թշնամու հետ հանկարծակի մարտի ենք բռնկվել, ով հասցրել` փրկվել է, ով չի հասցրել՝ չի կարողացել փրկվել․ կամ գերի է ընկել, կամ էլ փախել է մի ուրիշ կողմ, այդ պահին չենք կարողացել իրենց որոնողական աշխատանքներն իրականացնել, որովհետև փախուստ է եղել, շրջափակման մեջ անկանոն կռիվ է սկսել»,- պատմել է հրամանատարը։

Ըստ Աբգարյանի՝ Կարմիր Խաչը երեկվանից (դեկտեմբերի 9-ից-խմբ․) Զանգելանի շրջանում սկսել է աշխատանքներ իրականցնել, հիմա բանակցություններ են վարում, որ յուրաքանչյուր տեղ որոնողական աշխատանքներ իրականացվեն։ Սակայն նրա խոսքով՝ (ողջ-խմբ․) զինվորն անմիջապես այդ տեղում հիմա չի կարող լինել․ կամ փախել է, կամ, հնարավոր է՝ ինչ-որ տեղ նկուղում է։

Հրամանատարը տեղեկացրել է, որ մեկնում է այնտեղ, եթե թույլ տան` ինքն էլ մասնակցի աշխատանքներին։

Նա նաև հայտնել է, որ կան գերեվարված զինծառայողներ, իրենք և ծնողները մի քանիսին ճանաչել են թշնամու հրապարակած տեսանյութերում։ Սակայն, թե քանիսն են նրանք` չի կարող ասել։

Հարցին, թե ինչու այսքան ժամանակ որոնողական աշխատանք չի եղել այդ հատվածներում, Աբգարյանը նշել է, որ հակառակորդի հետ միշտ եղել են բանակցություններ. «Առանց հակառակորդի հետ համաձանության գալու ոչ մեկ չէր կարող մտնել այդ տարածք»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---