ԱՀ ԱԳՆ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը կայուն խաղաղություն կհաստատի

ԱՀ ԱԳՆ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը կայուն խաղաղություն կհաստատի

PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է: Այդ մասին ասվում է Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

«Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը:

1991-ի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որն ԱՀ ժողովրդի կամարտահայտման բարձրագույն դրսևորումն է:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---