ՄԻՊ-ը` միջազգային հանրությանը․ Էրդողանը փառաբանել է Հայոց ցեղասպանությունը և 1918-ի Բաքվի ջարդերը

ՄԻՊ-ը` միջազգային հանրությանը․ Էրդողանը փառաբանել է Հայոց ցեղասպանությունը և 1918-ի Բաքվի ջարդերը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայատյաց ելույթներին, նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փառաբանել է Հայոց ցեղսապանությունը և 1918-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել; Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրը Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային համաշխարհային հանրությանը կոչ է անում ձեռնարկել հիմնարար կանխարգելիչ միջոցներ այս բացարձակ դատապարտելի երևույթներին, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ամբողջ համակարգը։

«Թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները լի են եղել ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի ամբողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներով, վիրավորանքներով ու ատելություն բորբոքող արտահայտություններով»,-գրել է նա:

ՄԻՊ ուսումնասիրությունները հաստատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեկտեմբերի 10-ի ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինզիմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս: Նշվում է, որ նման ելույթներն են, որ տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու այդ ամենի պետական ամենաբարձր մակարդակով հովանավորում:

«2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ:

Թուրքիայի նախագահը հայերի դեմ ուղղված ատելություն բորբոքող ու Հայաստանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքներով լի իր ելույթում նշել է, թե այսօր Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է: Հաստատված փաստ է, որ այս մարդիկ երիտթուրքեր են, որոնք Օսմանյան կայսրությունում կազմակերպել ու կատարել են Հայոց ցեղասպանությունը՝ ուղեկցելով այն սպանություններով, առողջության խեղումներով, խոշտանգումներով ու բռնաբարություններով»,-ասվում է հայտարարության մեջ:

Էնվեր փաշան Հայոց ցեղասպանության տարիներին եղել է դաժանությունների գլխավոր կազմակերպիչների թվում՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական նախարար (1913-1918 թթ.), իսկ Ջևադ բեյը՝ անմիջականորեն կազմակերպել ու կատարել է ցեղասպան գործողությունները՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով Կոստանդնուպոլիս (ներկայում՝ Ստամբուլ) քաղաքի պարետը և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ «Թեշքիլաթը մահսումե» թուրքական պետական Հատուկ կազմակերպության անդամ՝ գեներալ-մայորի կոչումով: Ավելին, այս անձինք, մասնավորապես՝ Նուրի փաշան, ով Էնվեր փաշայի եղբայրն էր, Կովկասյան իսլամական բանակի շարքերում մասնակցել են Բաքվում հայերի 1918 թվականի սեպտեմբերի զանգվածային ջարդերին, որոնք ուղեկցվել են խոշտանգումներով ու բռնաբարություններով:

Թաթոյանը հավելել է նաև, որ Թուրքիայի նախագահի կողմից այս անձանց փառաբանելն ու այն էլ դա անելը զորահանդեսի ժամանակ ընթացող հրապարակային ելույթով ցեղասպանության բացահայտ մտադրություն է: Այդ ելույթի ակնհայտ նպատակն է էլ ավելի բորբոքել ատելությունը:

«Այս ամենին գումարվում են նաև երկու նախագահների ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե հայերն իրականացրել են ադրբեջանական կամ թուրքական կրոնական օբյեկտների կամ արժեքների ոչնչացում:

Այս ելույթները Հայաստանի ամբողջ ժողովրդի, քաղաքացիական բնակչության կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բարցարձակ արգելքների ներքո են: Նշված ելույթները հաստատում են նաև այս պատերազմի ընթացքում էթնիկ զտումների ու տեռորիստական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն Արցախում»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---