Մանուկյան․ Եռակողմ հայտարարության տեքստի որևէ դրույթ սահմանների փոփոխության հիմք չէ

Մանուկյան․ Եռակողմ հայտարարության տեքստի որևէ դրույթ  սահմանների փոփոխության  հիմք չէ

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ «հայտարարության տեքստի որևէ դրույթ հիմք չէ սահմանների փոփոխության համար»։

Մանուկայնի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «( Վարչապետ) Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի սահմաններում: Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը և հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության և կասկածների տեղիք են տալիս:

Սյունիքի մեր հայրենակիցները մեն-մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգությունների դեմ։ Նրանք ստիպված են ինքնուրույն պաշտպանել սեփական տունը, ինչպես նաև դիմել են հուսահատ քայլի՝ բողոքի գործողությունների։ Մենք սյունեցիների կողքին ենք և սատարում ենք նրանց պահանջներին»։

Նշվում է նաև, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ: Այդ հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և ՀՀ-ն կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։

«Նկատի ունենալով միջազգային, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան առկա փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է պետությունների կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում և պահանջում է բանակցությունների արդյունք հանդիսացող սահմանագծի վավերացում երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից: Մինչ նշված գործընթացների ամբողջական ավարտը ՀՀ-ն պետք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահավտածի բնագծերով։

Որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը և կոչ ենք անում այդ գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը և միջազգային պրակտիկային»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Սյունիքի գործընթացները և գործող իշխանության քաղաքականությունը ցույց են տալիս, որ ապահովագրված չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

«Դա նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս շուտ ձերբազատվենք այս իշխանություններից և ամեն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Հապաղելը պետություն կարող է արժենալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները՝ իրենց բողոքը հայտնելով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---