Փաշինյան․ Հեղափոխությունից հետո իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի

Փաշինյան․ Հեղափոխությունից հետո իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի

PanARMENIAN.Net - 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլև բոլոր նրանց, ովքեր մինչև 2018-ն ունեցել են արտոնություններ։

«Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի:

«Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքն ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդն իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես, իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- նշել է Փաշինյանը:

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո Հայաստանում պարբերաբար վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր են ընթանում։ Ընդդիմությունն արդեն ներկայացրել է իր միասնական թեկնածուին՝ նախկին վարչապետ, ՊՆ նախկին նախարար Վազգեն Մանուկյանին։

 Ուշագրավ
---