Արցախի իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ աջակցելու փախստականների բնակեցմանը

Արցախի իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ աջակցելու փախստականների բնակեցմանը

PanARMENIAN.Net - Արցախի իշխանությունները դիմել են ՌԴ կառավարությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել պատերազմից հետո վերադարձող փախստականների բնակեցման հարցում։ Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ օգնության մի մասը Մոսկվան արդեն տրամադրել է։

Նախարարը նշել է, որ պատերազմի հետևանքով Արցախի 35-45,000 բնակիչ զրկվել է օթևանից։ Նրանց թվում են ինչպես այն մարդիկ, որոնց բնակարաններն ու տները քանդվել են հրետակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով, այնպես էլ նրանք, ում տները մնացել են հայկական այն տարածքներում, որոնք փոխանցվել են Ադրբեջանին ըստ հրադադարի հայտարարության, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է։ Անշուշտ, նրանց վերադարձն ապահովելու համար պետք է ապահովենք նրանց կյանքի և կենցաղի համար գոնե նվազագույն պայմանները։ Սա է կառավարության առաջնահերթ խնդիրը։ Նրանց, ով վերադառնում է, մենք ժամանակավոր կացարան ենք տալիս, նաև հյուրանոցներ, հանրային շենքեր ենք օգտագործում»,- ասել է Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ԼՂՀ իշխանությունները «նաև դիմել են ՌԴ կառավարությանը»։

«Այսօրվա դրությամբ հարցը քննարկվում է։ Օգնության մի մասն արդեն ցուցաբերվել է՝ շինանյութեր, առաջին անհրաժեշտության իրեր են տրամադրվել»,- ասել է պաշտոնյան։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---