Մանուկյանը հանդիպում է պահանջում ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի և ԳՇ-ի ղեկավարների հետ

Մանուկյանը հանդիպում է պահանջում ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի և ԳՇ-ի ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը դիմել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին և հունվարի 9-ին պահանջել հանդիպում Շարժման ներկայացուցչի հետ։

Մանուկյանի խոսքով՝ հանրությունն անտեղյակ է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում հետ և ինչ է պայմանավորվել: Ըստ ընդդիմության վարչապետի թեկնածուի՝ հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված «բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակում, իսկ իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով»։

«Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը»,- հայտարարել է Մանուկյանը` դիմելով պաշտոնյաներին։

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, նախատեսվում է փաստաթղթի ստորագրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթություններն են գերիների վերադարձն ու տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Նրա խոսքով՝ քննարկման առանձին թեմա է Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---