Ուդիները կրկին այցելել են Դադիվանք

Ուդիները կրկին այցելել են Դադիվանք

PanARMENIAN.Net - Ուդիները կրկին այցելել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանք։ Նրանք կրոնական արարողություններ են անցկացրել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, գրում է Oxu.az-ը։

Ուդիները Դադիվանք էին այցելել նաև 2020 դեկտեմբերին, այնտեղ երկու ժամ անցկացրել։

Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուտի (ուդի) Ռաֆիկ Դանաքարիին: Վերջինս հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է 300-ից ավելի «ալբանական» եկեղեցի, որոնք պատրաստվում է այցելել:

Դադիվանք վանական համալիրն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

Ուտիները կամ ուդիները պատմական Կովկասյան Աղվանքի հնագույն ժողովուրդներից միակն են, որոնք ոչ միայն դարերի ընթացքում պահպանել են իրենց գոյությունն ու հասել մինչև մեր օրերը, այլև մնացել են քրիստոնեական կրոնի հետևորդներ։ Ուտիները խիստ փոքրաթիվ ժողովուրդ են՝ ընդհանուր առմամբ մինչև 10,000 հոգի, որոնց մի մասն ապրում է պատմական հայրենիքում՝ ներկայիս Ադրբեջանի Գաբալայի շրջանի գյուղերում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---