Սանասարյանը թողնում է ՊՎԾ ղեկավարի պաշտոնն ու նախաձեռնում նոր քաղգործընթաց

Սանասարյանը թողնում է ՊՎԾ ղեկավարի պաշտոնն ու նախաձեռնում նոր քաղգործընթաց

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցված է, ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքական նոր գործընթաց է նախաձեռնում։

«Մոտ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։

Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։ Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։

Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,-ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է, որ պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում 2 արհեստական ընտրության առաջ է կանգնած. «սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը»։ «Հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը»,-գրել է նա։

Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար և նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու համար։

Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: 308 հոդվածի 1-ին մասը պատիժ է սահմանում էկական վնաս առաջացրած, պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբակային շահերին ծառայացնելու համար։ Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---