ԱԳՆ-ն՝ Չավուշօղլուին․ ՀՀ սահմանի մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունը խաղաղ մտադրության մասին չի խոսում

ԱԳՆ-ն՝ Չավուշօղլուին․ ՀՀ սահմանի մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունը խաղաղ մտադրության մասին չի խոսում

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ, իսկ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել վստահության համար, PanARMENIAN.Net ի հարցին արձագանքելով՝ հայտարարեց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանին խնդրել էինք մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե խաղաղության երկարատև լինելու պարագայում իրենք ու Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Խնդրել էինք նշել՝ արդյոք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու», պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո և արդյոք այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից։

«Չէի ուզի մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ կերպ չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի ՀՀ հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»,- նշեց ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ են անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողել է Ադրբեջանում՝ Արցախի դեմ պատերազմի նախագծումը և իրագործումը համակարգելու համար:

 Ուշագրավ
Մանուկյանը հայտնել է, թե իրենք առաջիկայում մարզեր կայցելեն, իսկ մարտի 6-ին մեծ հանրահվաք կանեն
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է