ՄԻՊ․ Հարբած ադրբեջանցի զինվորականները կրակում են՝ ցանկանալով ահաբեկել Սյունիքի բնակիչներին

ՄԻՊ․ Հարբած ադրբեջանցի զինվորականները կրակում են՝ ցանկանալով ահաբեկել Սյունիքի բնակիչներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանցի հարբած զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշերը: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց»,-հայտարարել է ՄԻՊ-ը։

Գյուղացիների դիտարկմամբ՝ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակոցներն արձակվում, հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ:

Այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում:

«Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան: Դրանք դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս իրավունքների համար: Սրանք կոպտորեն խախտում են նաև նաև երեխաների շահերը»,- հայատարարել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ այս փաստերի վերաբերյալ հաղորդումներն ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին:

2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո Սյունիքը դարձել է սահմանամերձ, մի շարք համայնքներից հողակտորներ, իսկ որոշներից տներ են մնացել ադրբեջանական կողմում, քանի որ սահմանազատման աշխատանքները կատարվել են ըստ ԽՍՀՄ քարտեզի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---