Պատրոն Դավոն ԱԱԾ-ում է․ 80-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր է ՊՆ-ին վաճառել

Պատրոն Դավոն ԱԱԾ-ում է․ 80-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր է ՊՆ-ին վաճառել

PanARMENIAN.Net - Բանակին 1980-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր վաճառելու և 523 մլն դրամին համարժեք՝ $1 մլն խարդախությամբ հափշտակվելու համար բերման է ենթարկվել Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, փոխանցում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Գալստյանը որպես արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ նախնական համաձայնության է եկել նույն ընկերության տնօրենի հետ։

«Թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը` ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523 մլն դրամին համարժեք, $1 մլն արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ։ Դրանք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց փոխարեն մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ»,-հայտարարել են ԱԱԾ-ից։

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: ԱԱԾ-ն այժմ քննում է նաև Գալստյանի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, ակտիվ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվեում դրանց մասով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---